Բաժիններ՝

Պերմյակովն ասել է՝ ոչ մի բան չեմ հիշում, չեմ պատկերացնում` ինչպես կարող էի դա անել

Գյումրիում կես ժամ ուշացումով մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում որպես վկա հրավիրված, պահեստազորի գնդապետ, 102-րդ ռազմաբազայի թերթի խմբագրության պատասխանատու-քարտուղար Աշոտ Կարապետյանը  ցուցմունքներ տվեց:

Ներկայացնելով դեպքի օրվա մանրամասները՝ նա նշեց, որ ռազմաբազայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարից ցուցում է ստացել զեկուցել Ռազմական ոստիկանություն այն մասին, որ զինվորը ինքնակամ լքել է իր հենակետը` տանելով ինքնաձիգն ու փամփուշտներ:

Նրա խոսքով՝ ինքն անմիջապես զանգահարել է Ռազմական ոստիկանություն, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ տվյալ պահին բաժանմունքում մարդ չկա և խորհուրդ են տվել տեղեկացնել քաղաքային ոստիկանություն` զինվորի դասալքության մասին:

Երբ սահմանապահ ջոկատի կողմից Պերմյակովին կրկին բերել են բազա, Կարապետյանը հնարավորություն է ունեցել տեսնել ու զրուցել Պերմյակովի հետ: «Հարցրեցի` ինչո՞ւ ես սպանություն կատարել: Առաջին անգամ ոչ մի բան չասաց, միայն վերացական նայեց, երկրորդ անգամ հարցնելուց հետո ասաց` ես ոչ մի բան չեմ հիշում, չեմ պատկերացնում` ինչպես կարող էի դա անել»,-պատմեց Աշոտ Կարապետյանը:

«Այդ ընթացքում հեռուստացույցը միացրած էր ու գովազդ էր, Պերմյակովը նույնիսկ քմծիծաղ տվեց, պատկերացրեք` ոճրագործություն կատարողը ծիծաղեց»,- նշեց վկան:

Փաստաբան Լուսինե Սահակյանի այն հարցին, թե դասալքության դեպքեր զորամասում շա՞տ են լինում, վկան նշեց, որ շատ են լինում, բայց առանց ինքաձիգի ու 2-3 ժամ հետո հայտնաբերվում են: Պատահել է նույնիսկ, որ 5-6 ժամ անց են հայտնաբերվել, բայց բոլորն առանց ինքնաձիգի, իսկ ինքնաձիգով դասալքության դեպքեր եղել են, բայց ոչ իր ծառայության ընթացքում, իսկ Կարապետյանը ծառայել է 33 տարի:

Ի դեպ, երբ Պերմյակովին բերել են բազա, վկայի հիշելով, դեմքը կարմրած է եղել, վկան հարցրել է` ինչո՞ւ է կարմիր, հո չե՞ն ծեծել, ասել է` ոչ ձյան մեջ եմ պառկած եղել:

Վալերի Պերմյակովի գործով դատական գործընթացում այսուհետ Ավետիսյանների իրավահաջորդ, նրանց ընտանիքի դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը կպաշտպանի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս