Բաժիններ՝

«Այսօր ասպիրանտուրան դարձել է բանակից դիզերտիրների դարբնոց` պաշտոնյաների երեխաների համար». Նաիրա Զոհրաբյան

«Կրթական համակարգը փոփոխությունների կարիք ունի: Մեզանում կան էլիտար ուսանողներ, էլիտար ֆակուլտետներ, էլիտար բուհեր, որոնք արմատախիլ անելու համար հարկավոր են հեղափոխական փոփոխություններ»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենք նախագիծ են մշակում, որ բուհերում անհարգելի բացակայողները վճարեն: Պատգամավորի կարծիքով` բուհերում պետք է խստագույն քննություն հանձնեն և զտվի համակարգը, հատկապես` միջազգային հարաբերությունների, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներում.

«Այսօր ունենք տգետ բիժշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ դատավորներով, տգետ իրավաբաններով»: «Այսօր ասպիրանտուրան դարձել է բանակից դիզերտիրների դարբնոց` պաշտոնյաների երեխաների համար»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կրթական համակարգը պահպանողական է, որի հետ շատերն են շփվում և բացասական երևույթներն ամեն ընտանիքի դուռը թակում են: Ըստ նրա`խորհրդային տարիներին էլ տգետ մասնագետներ և բանակից խուսափողներ եղել են, բայց, նախարարը համաձայնեց, որ խնդիրներ իսկապես կան: Լ.Մկրտչյանը նշեց, որ հիմա աշխատում են և հավանաբար նոյեմբերին կներկայացնեն «Կրթության մասին» օրենքի փոփոխություններ` միասնական քննությունների և պետական պատվերի քաղաքականության մասին: Քանի որ երկրում աղքատության չափը մեծ է և շատերը չեն կարողանում կրթության խնդիր լուծել, նախարարը նշեց, որ անապահով խավի խելացի երեխաներին հնարավորություն կտրվի անվճար բուհ ընդունվել, մասնավորապես` սոցիալական պատվեր լինի մոտ 50%-ի սահմաններում, երեխան կարողանա սոցիալական վաուչերով ընտրել անվճար տեղեր:

Կարդացեք նաև

Լ.Մկրտչյանի խոսքով` մասնագիտությունները վատ վիճակում են դրվում, երբ իրավաբանականում ու դիվանագիտականում անվճար տեղեր չեն հատկացվում: «Պետք է կարողանանք պետպատվերը իսկապես սոցիալական դարձնել,- նշեց նախարարը և շարունակեց,- Հեղափոխական, երբ ասում եք, ես ինքս հեղափոխական կուսակցության անդամ եմ, բայց հեղափոխություն ինքը չի նշանակում ոչնչացում: Եթե կարողանանք արմատապես և որակապես փոխել ավագ դպրոցի և մագիստրատուրայի կրթությունը, շատ խնդիրներ կկարողանանք ավելի սահուն լուծել, առանց ցնցումների: Կրթական համակարգը այլևս նոր ցնուցմների, նոր ջարդի չի դիմանա, պետք է փորձենք եղածի վրա կառուցենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս