«Ադրբեջանը փորձում էր մի կրակոցով երկու նապաստակ խփել». գնդապետ

ՎԱՐԴԱՆ ՆՇԱՆՅԱՆ- ՀՀ ԶՈՒ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ

Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ  սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն:

Քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդն այս կեղծ տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ դրեց իր բազմաթիվ վրիպումներն ու անհաջողությունները թաքցնելու նպատակով: Ուզում էին ասել՝ «Տեսե՛ք, Հայաստանը փորձել է քիմիական զենք գործածել, բայց վրիպել է»: Ադրբեջանը  փորձում էր մի կրակոցով երկու նապաստակ խփել. նախ՝ միջազգային կառույցներին ներկայացնել, թե, իբր, ՀՀ զինված ուժերը արգելված  քիմիական զենք են կիրառում, երկրորդ՝ այս քայլով նպատակ ունեին նաև արդարացնելու սեփական զինուժի կողմից քիմիական միջոցների կիրառման դեպքերը: Իբր, հայերը կիրառել են, մենք էլ ի պատասխան ենք կիրառում:  Տեղեկատվական քարոզչության հասարակ տեխնոլոգիաներ են: Նրանք օգտագործել են, մասնավորապես՝ ՍիԷս տիպի խառնուրդ, և այդ մասին մենք փաստացի տվյալների ենք տիրապետում:

Մեր վարչության գործառույթը քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանությունն է: Միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի կիրառմամբ որևէ գործողություն մեր ստորաբաժանումները չեն իրականացրել և չեն էլ իրականացնի: Մենք այժմ էլ շարունակում ենք մեր աշխատանքները արդյունավետ պաշտպանություն իրականացնելու և անձնակազմի  ուսուցման ուղղությամբ: Զարգացման ծրագրի համաձայն՝ մենք այժմ էլ ձեռք ենք բերում նոր, առավել արդի  պաշտպանական միջոցներ:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս