«Ռուսաստանը կշարունակի լինել ղարաբաղյան հակամարտության գլխավոր խաղացողը». Stratfor-ի ավագ վերլուծաբան
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ղարաբաղում և՛ մրցակցում են, և՛ համագործակցում, ինչպես Ուկրաինայում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Եվգենի Չաուշովսկին՝ գնահատելով Ռուսաստանի ներկայիս դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ու Արևմուտք-ՌԴ համագործակցությունը հակամարտության շուրջ:
Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանն ակտիվ և ազդեցիկ միջնորդ է և՛ Մինսկի խմբի ձևաչափում, և՛ Երևանի և Բաքվի հետ միակողմանի դիվանագիտական ջանքերում: «Ապրիլյան էսկալացիան ցույց տվեց, թե ինչպիսի կենտրոնական դերակատարություն ունի Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում, ինչը երևաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան և Ադրբեջան կատարած այցերից՝ անմիջապես այդ լարվածությունից հետո: Կա ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ բավականին լուրջ անվտանգության կապերի առկայության գործոնը: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ գլխավոր խաղացող ղարաբաղյան հակամարտությունում՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական տեսանկյունից»,- ընդգծեց Չաուշովսկին:
Վերջինիս համոզմամբ՝ ինչպես Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունն Ուկրաինայում, Ղարաբաղի շուրջ նրանց փոխազդեցությունը և՛ համագործակցային է, և՛ մրցակցային: Նրա կարծիքով, և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը հետաքրքրված են Ղարաբաղում շատ ավելի լայն պատերազմի բռնկման կանխմամբ, բայց միևնույն ժամանակ՝ նրանք տարբեր տեսլականներ ունեն՝ բանակցային գործընթացի քաղաքական և անվտանգության բաղադրիչների, ինչպես նաև՝ պոտենցիալ կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ: «Այնուամենայնիվ կա տակտիկական համագործակցության հնարավորություն նույնիսկ, քանի որ երկու կողմերը ռազմավարական տեսանկյունից մրցակցում են»,- ասաց ամերիկյան կենտրոնի ավագ վերլուծաբանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: