Կոլեգիայի նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում
2016թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կոլեգիայի քննարկմանն են ներկայացվել 2015թ. մեղադրական եզրակացությունները չհաստատված և լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների կողմից 2015 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունների արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է քննության որակի բարելավումը և քննչական ստորաբաժանումների ուշադրությունը հրավիրել քննչական գործողությունների պլանավորման, նյութական և դատավարական նորմերի անշեղ պահպանման վրա։ Հանձնարարվել է լրացուցիչ նախաքննության վերադարձված յուրաքանչյուր գործ դարձնել քննարկման առարկա՝ ընդգծելով, որ կոպիտ խախտումների բացահայտման դեպքում դրանք թույլ տված քննիչները կենթարկվեն պատասխանատվության։
Հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ (և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշմամբ) դատախազներին է ուղարկվել 3215 քրեական գործ, որոնցից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել շուրջ 2 տոկոսը՝ 67 քրեական գործ, որոնցից 49-ը կրկին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազներին։
«Յուրաքանչյուր նման քրեական գործ պետք է դառնա քննարկման առարկա և եթե հիմնավորվի քննիչի կողմից թույլ տրված խախտումը, ապա թերի քննություն իրականացրած քննիչը կպատժվի»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը։
Քննարկման արդյունքներով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրության արդյունքներով մշակել ուղեցույցներ՝ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ տարածքային ստորաբաժանումներ ուղարկելու համար։ Տրվել են կոնկրետ հանձնարարականներ։