ԵՄ խորհուրդը հավանություն է տվել մի շարք երկրների հետ վիզային ազատականացման փոփոխությունների պլանին
Եվրամիության 28 անդամ երկրների ներքին գործերի նախարարներն այսօր հրավիրված նիստում հավանության են արժանացրել Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ փոփոխություն կատարել երրորդ երկրների հետ վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմում, հայտնում է RIA Novosti-ն: Այն վերաբերելու է մի շարք պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի և Կոսովոյի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք կարճատև ուղևորություններ են նախատեսում կատարել ԵՄ երկրներ:
«Վիզային ռեժիմի ազատականացումն ունի մեծ առավելություն ԵՄ երկրների և երրորդ պետությունների համար: Այդուհանդերձ, մեզ հարկավոր է վթարային արգելակ վիզայից ազատված բոլոր երկրների համար, որպեսզի թույլ չտրվի վիզային ռեժիմի ազատականացման չարաշահում: Ես ուրախ եմ, որ մենք այսօր պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեխանիզմի մասին, որը թեթևացնում է չարաշահումների դեմ գործողությունը»,- խորհրդակցությունից հետո հայտարարել է Նիդեռլանդների ՆԳՆ ղեկավար Կլաաս Դիյկհոֆը: