Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջանում հանդիպել է երկրապահներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Շահումյանի շրջան:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը այցելել է շրջանում գտնվող զորամասերից մեկը, որտեղ ողջունել է տեղի զինվորականներին և գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ապրիլյան առաջին օրերից Արցախում գտնվող երկրապահ կամավորականներին:
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Ապրիլի 2-ից մինչև վերջին օրերը հայկական երկու պետությունների համար պատմական փուլ էր: Ադրբեջանը փորձում էր ստուգել Արցախի բանակի մարտունակության աստիճանը, և նրանք հասկացան, որ ոչ միայն մեր բանակը, այլ նաև ողջ հայ ազգը պատրաստ է պատերազմի:
Իհարկե, առաջնագծում հիմնական դերակատարը հայկական բանակն է, բայց այսօր բոլորս ենք բանակային, բոլորս ենք զինվոր: Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է երեք միլիոն զորք, հայկական մեծ սփյուռք, որն ամեն քայլափոխի պատրաստ է աջակցելու հայրենիքին: Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ կամավորներ շտապեցին Արցախի առաջնագիծն ամրացնելու:
Շատերը պատրաստակամ էին գալու Արցախ, սակայն մերժեցինք նրանց, քանի որ դրա կարիքը չկար: Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, նրանց, ովքեր կանգնեցին և ովքեր պատրաստ էին կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում:
Կուզենայի խորին շնորհակալություն հայտնել մեր ժամկետայիններին, որովհետև այսօր տասը միլիոն հայ դրական առումով մոռացել է բոլորին և հպարտանում է 18-20 տարեկան հայորդիներով, հպարտանում է մեր սպաներով: Նրանք թույլ չտվեցին հակառակորդին ավելի լայնածավալ գործողություններ կատարելու, մեր ժամկետայինները հարցը լուծել են ինքնուրույն և կարճ ժամկետում»: