«Հայաստանը փախստականների հարցում ստանձնել է շատ ավելի մեծ պատասխանատվություն, քան շատ ու շատ այլ եվրոպական երկրներ». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
«Այն իրավիճակը, որ առկա է Մերձավոր Արևելքում և Սիրիայում, մեզ մեծ մարտահրավերների առջև է կանգնեցնում ոչ միայն՝ ԵՄ-ում և Գերմանիայում, այլ հատկապես այնպիսի երկրներում և տարածաշրջաններում, ինչպիսին նաև Հայաստանն է»,- այսօր «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Ինչպես հայտնի է՝ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը և ԳՄՀԸ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» հայաստանյան ծրագիրը համատեղ նախաձեռնել են «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումը, որը նպատակ ունի խթանել սիրիահայերի շրջանում ձեռներեցությունն ու մասնագիտական կողմնորոշումը:
Դեսպանը շեշտեց, որ Հայաստանն այս հարցում ստանձնել է շատ ավելի մեծ պատասխանատվություն, քան շատ ու շատ այլ եվրոպական երկրներ. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և տպավորված եմ այն համերաշխությունից, որը եղավ Հայաստանում՝ սիրիահայերին ընդունելու ժամանակ: Փախստականները շատ հաճախ որպես բեռ են ընկալվում, բայց Գերմանիայում կա այն մոտեցումը, որ փախստականները նաև մեծ ներուժ են հանդիսանում երկրի համար: Հատկապես նաև սիրիահայ համայնքը Սիրիայում հարյուրամյակների ընթացքում մեծ ավանդույթների է տիրապետում. խնդիրը հենց այն է, որ օգտագործեն այդ ներուժը, ու այն մարդիկ, ովքեր Սիրիայից Հայաստան են գալիս, տեսնեն տնտեսական ապագա այս երկրում: Դա հենց Գերմանիայի մոտեցումն է»,- նշեց դեսպանը:
Մաթիաս Քիսլերը շատ տպավորված է, թե որքան արագ հնարավոր եղավ նման ծրագիր սկսելը. «Այն, ինչ մինչև այս տեսել եմ, ինձ մեծ վստահություն է ներշնչում, հատկապես, որ ՀՀ կառավարությունն է քայլեր ձեռարկում: Հուսով եմ՝ այս նախաձեռնությունն իր հետևողականությունը կունենա, և սիրիահայերը կհասկանան, որ Հայաստանում կա տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն»:
Խոսելով սիրիահայերի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մասին՝ դեսպանը նկատեց, որ կան հատուկ ծրագրեր սիրիահայերի համար. «Բայց սիրիահայերը, իհարկե, Հայաստանում չեն ապրում առանձնացված կղզու վրա ու առնչվում են այն խնդիրների հետ, որոնց հետ առնչվում են ՀՀ քաղաքացիները: Կարծում եմ՝ կան որոշ շրջանակային պայմաններ, որոնք լավն են ՀՀ-ում, օրինակ՝ ՀՀ Հարկային օրենսդրությունը, բայց կան որոշ շրջանակային պայմաններ, որ պետք է բարելավվեն: Պետք է բարելավվի ՓՄՁ-ների հնարավորությունների շրջանակը, և հենց դրանից Սիրիայից ժամանած անձինք կարող են մեծ օգուտ ստանալ: Վստահ եմ և գիտեմ, որ ՀՀ կառավարությունը գիտակցում է այդ խնդիրները ու շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ»: