Ադրբեջանում անցկացվել են սահմանապահ ծառայության զորավարժություններ
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ համաձայն 2016թ. ռազմական պատրաստության ծրագրի, մայիսի 17-19-ը «Աղգյոլ» ուսումնական կենտրոնում արագ արձագանքման ուժերի և ավիացիայի ուժերի օգնությամբ անցկացվել են լայմանասշտաբ տակտիկական զորավարժություններ: Զորավարժությունները կրել են «Թշնամու հարձակման կանխարգելումը, որը խախտել է Ադրբեջանի պետական սահմանը» խորագիրը:
Գործակալությանը Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը հայտնել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը եղել է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգները:
Երեք փուլով անցկացված զորավարժությունների ժամանակ վնասազերծվել է պայմանական հակառակորդի՝ Ադրբեջանի սահմանը խախտած զորամիավորումը, վերականգնվել է երկրի պետական սահմանը:
Զորավարժությունների ժամանակ մշակվել են ավիացիայի և արագ արձագանքման ուժերի գործողությունների կոորդինացման աշխատանքներ, իրականացվել են մարտական կրակոցներ, զենիթային սարքերից արձակվել են հրթիռներ, ուղղաթիռներից, ականանետներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից ու նռնականետներից ևս հարվածներ են իրականացվել: