Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-­1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ­ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,­- հայտարարել է Լավրովը:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք փոխզիջում, Լավրովը պատասխանել է. «Կոմպրոմիսը միշտ է հնարավոր: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-­ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Կշարունակենք ամբողջական և բազմակողմ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքը, կգնանք առաջ քայլ առ քայլ»:

Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ­ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-­ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի:

Տեսանյութեր

Լրահոս