«Եվրատեսիլը» կվերածվի գլոբալ մրցույթի. պրոդյուսեր
«Եվրատեսիլ» եվրոպական մրցույթը շուտով կարող է վերածվել գլոբալ մասշտաբի շոուի: Այս մասին CBT հեռուստաալիքի «Բարի լույս, Շվեդիա» հաղորդման ժամանակ ասել է երգի մարաթոնի գործադիր պրոդյուսեր Մարտին Էստերդալը:
«Եվրատեսիլը» շարունակում է ընդլայնվել ու նորանոր տարածքներ նվաճել: Այդ շոուն հեռարձակվում է արդեն ԱՄՆ-ում եւ Չինաստանում: Կարծում եմ, որ հետագայում ընդգրկույթն էլ ավելի մեծ կլինի»,- նշել է նա:
Էստերդալի խոսքով՝ մրցույթի տարբերակները՝ «Ասիատեսիլը» (Asiavision) եւ «Ամերիկատեսիլը» (Americavision), կանցկացվեն համապատասխան աշխարհամասերում, իսկ հետո «Եվրատեսիլ»-ի հետ միասին կմիավորվեն աշխարհի եզրափակիչում:
«Եվրատեսիլը» շատ լավ հիմնարար սկզբունքներ ունի. մենք ամբողջ աշխարհից հավաքվում ենք երգի ու երաժշտության տոնին եւ մի քանի ժամով մի կողմ թողնում բոլոր հոգսերը: Որքան ավելի շատ երկրներ ցանկանան մասնակցել մրցույթին, այնքան ավելի լավ»,-կարծում է Էստերդալը:
Նա պարզաբանում է, որ Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) մտադրություն ունի մրցույթն ընդլայնել եւ այն կազմակերպել ԱՄՆ-ում եւ Ասիայում: «Խնդրանքներ կան նմանօրինակ ինչ-որ բան Ամերիկայում եւ Ասիայում անցկացնելու մասին: Տեսնենք՝ բանն ինչով կավարտվի»,-ասում է պրդոդյուսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: