Էրդողանը կկատաղի. Financial Times-ն իմացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի պլանների մասին
Գերմանիայի խորհրդարանն ակտիվորեն առաջ է տանում դիվանագիտական նախաձեռնությունը, որը, ամենայն հավանականությամբ, կարժանանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթին, գրում է Financial Times-ը:
Բունդեսթագը պատրաստվում է ընդունել «ցեղասպանություն» եզրույթը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային սպանությունների նկատմամբ ու պաշտոնապես դատապարտել այդ գործողությունները: Քվեարկությունը պլանավորված է հունիսի 2-ին:
Բեռլինի կողմից հայերի ցեղասպանությունը ընդունելը կարող է լուրջ հարված լինել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է պարբերականը:
Էրդողանը կատաղած է «Թուրքիայի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքից» ու սպառնում է խափանել Եվրամիության հետ փախստականների վերաբերյալ կնքված գործարքը:
Եթե Բունդեսթագը մինչև վերջ գնա, Մերկելին դժվար կլինի համոզել Անկարային չանել կտրուկ շարժումներ:
2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Բունդեսթագում թեժ քննարկումներ էին ընթանում այդ հարցի շուրջ, թեման բարձրացվել է գերմանացի խորհրդարականների կողմից նաև նախկինում:
Այն ժամանակ Մերկելի կառավարությանը հաջողվեց խուսափել ընդդիմադիր «Կանաչներ» կուսակցության նախաձեռնությունից ու օրակարգից հանել Գերմանիայի համար զգայուն այդ հարցը, որտեղ ապրում է ծագումով թուրք շուրջ 4 միլիոն մարդ:
Սակայն իշխող սոցիալ-դեմոկրատների և պահպանողականների կոալիցիայում տեղի է ունեցել պառակտում, ու արդյունքում՝ կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել հայերի զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն: Դա նշանակում է, որ բանաձևը, ամենայն հավանականությամբ, կընդունվի:
«Շատ հնարավոր է, որ Անկարան կատաղի, սակայն Բունդեսթագը չպետք է թույլ տա, որ իրեն շանտաժի ենթարկի Էրդողանի պես բռնակալը»,- հայտարարել է «կանաչների» ղեկավարներից Ջեմ Օզդեմիրը:
Գերմանացի պատգամավորներն առանց այդ էլ թերահավատորեն են վերաբերվում Թուրքիայի հետ համագործակցությանը:
ուղիղ եթերում սադրիչ բանաստեղծություն էր արտասանել Էրդողանի մասին: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Համարվում է, որ Մերկելը գործը որոշել է հետաքննել Էրդողանի ճնշման ներքո: