«Հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով». Հրանտ Բագրատյան

«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիև հանդիպման մասին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ էր նպատակահարմար «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:

Դիտարկումը, թե՝ Ձեզ առաջարկել են, որպեսզի օրինագիծն ավելի ուշ ներկայացվի քննարկման, Հ. Բագրատյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել. «Ո՞վ ասեց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնել-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Սարգսյան-Ալիև հանդիպումը մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին, ո՞վ ասեց»:

Հարցին, թե ինչո՞ւ անգամ ԱԺ օրակարգ մտցնելուց վախեցան, Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Իրենք չեն լուծում քաղաքական հարց, ու հանձնաժողովում քննարկվելու ժամանակ չի պարզվում մեկնաբանությունը, անտրամաբանական բաներ են ասվում, իրենք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը»:

Հ. Բագրատյանի խոսքով՝ իրենք ընդամենն ասում էին՝ հարցը քննարկվի, ինչը մերժվել է. «Չքննարկե՞նք՝ օրական 3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»:

Տեսանյութեր

Լրահոս