«Արցախը ճանաչելու մասին» օրինագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր

Այսօր Ազգային ժողովի նիստում թեժ քննարկում ծավալվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հանտ Բգրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցի շուրջ: Օրինագիծը ժամեր առաջ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացության չէր արժանացել: Սակայն հեղինակներն այն անհետաձգելի էին ճանաչել և հարցը լիագումար նիստում դրվեց քվեարկության:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զարքարյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է և դա ոչ ոք չի ժխտում, նույնիսկ «Ֆրիդըմ Հաուսը» կայացվածության առումով ավելի է բարձր է դասում Արցախը, քան Ադրբեջանը. «Այնուամենայնիվ խնդիրը դեռևս գտնվում է հասունացման փուլում, և Հայաստանը չպետք է անի միակողմանի քայլեր, որոնք անհարմար դրության մեջ կդնեն մեզ և մեր գործընկեր պետություններին` հնարավորություն չտալով լիարժեք քայլեր անել և բոլորին մասնակից դարձնել Արցախի ճանաչման գործընթացին»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` հարցը բավականին նուրբ և զգայուն է, այստեղ հայրենասիրության մրցավազք չէ կամ ով ավել ով պակաս հայրենասեր է հարց դրված չէ, հանրությունը հասկանում է հարցի գինը: Ըստ նրա` եթե վստահ լինենք, որ մեր կողմից ճանաչումը կբերի մյուս երկրների կողմից ճանաչման, ապա միանգամից կճանաչենք, և եթե վստահ լինենք, որ դա չի բերի լայնամասշտաբ պատերազմական գործողությոյներ, միանգամից կողմ կքվեարկենք: Ն.Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, բայց միաժամանակ հեղինակներին կոչ արեց այս պահին այս հարցը հանել օրակարգից, որպեսզի խորհրդարանական պատկերն այդքան նվազ չլինի, իսկ շահարկման դաշտը մեծ է. «Այս հարցը մի քիչ ավելի լուրջ մոտեցում է պահանջում»:

Կարդացեք նաև

Պատգամավոր Խաչատուր Քոքոբոլյանը հարցը շատ զգայուն համարեց՝ նշելով, որ սա հարենասիրության հարց չէ և սուրեր ճոճել չարժե. «Ես, եթե գնաց քվեարկության, բնական է, կողմ եմ քվերակելու, բայց կոչ եմ անում մեր գործընկերներին՝ հնարավորություն ստեղծել, որ այս հարցը այս դահլիճում չքննարկվի, զուտ հաշվի առնելով շահարկումները մեր լավը չցանցկացողների կողմից: Խնդրում եմ՝ եթե հնարավորություն կա, սա այսօր չքվեարկվի»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ եթե քվեարկության դրվի, իրենք չեն մասնակցի:

ՀԱԿ խմբակցության անունից Լևոն Զուրաբյանի խոսքով` իրենք ի սկզբանե պաշտպանել են Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքը, բնականաբար, կարող են միայն կողմ քվերակել այս նախագծին, բայց միայն այն ժամանակ, երբ համոզվեն, որ դա ոչ թե խանգարում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, այլ նպաստում է դրան, իսկ այս պահին դա վնաս կտա, հետևաբար` իրենք չեն մասնակցի քվեարկությանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համակարծիք էր գործընկերներին` հարցն այսօր չպետք է քվեարկվի. «Մենք երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց դա պետք է կատարվի միասնական և չի կարող միակողմանի լինել և բանակցողները պետք է ասեն երբ է հարմար պահը: Սա մեր զինանոցում պետք է լինի»:

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը կոչ արեց տեսական վեճի չվերածել, և նշեց, որ այսօր այս օրինագիծը քվեարկության դնելը կոպիտ սխալ և ամենամեծ հարվածը կլինի, քանի որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է:

Նախագծի համահեղինակ Հրանտ Բագրատյանը հավաստիացրեց, որ այնպիսի հիմնավորումներ կան, որ եթե լսեն, կողմ կլինեն: Ըստ նրա` այսօր ընդամենը քվեարկելու են հարցն ԱԺ օրակարգ մտցնելու համար: Նա առաջարկեց կողմ քվեարկել, որ մտնի օրակարգ. «Ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, թող մտնի օրակարգ, կորոշենք, երբ քննարկենք»:

Նախագծի մյուս համահեղինակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր էլ սահմանին պատերազմ է ընթանում. «Պատերազմը մեր դուռը թակել է, և մենք պատերազմում ենք: Իրավիճակը իրապես փոխված է, այն, որ մենք ճանաչենք, կամ չճանաչենք, դրանով պատերազմական գործղությունները չեն կանխվելու»: Նա նշեց, որ ՌԴ-ն այսօր խնդիր է դրել ԵՏՄ ներքաշել Ադրբեջանին, իսկ դրա գինը Արցախի հողերը Ադրբեջանին տալն է. «Պատերազմը կկանխվեր, եթե չլիներ ԵՏՄ-ն»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հարցն ընդգրկել մեծ օրակարգ և ըստ բանակցությունների ընթացքի, երբ նպատակահարմար կլինի, դնել քննարկման:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը խմբակցության անունից հայտարարեց, որ ԼՂՀ ճանաչումը բոլորի վաղեմի նպատակն է, սակայն հորդորեց ձեռնպահ մնալ և հետևել քաղաքական զարգացումներին, իսկ պատեհ պահին հարցը կդրվի քննարկման: Ըստ նրա` ՀՀԿ-ն էլ չի մասնակցի այս քվերակությանը. «Երբ պատեհ պահը գա, ընդամենը կես ժամվա խնդիր է, որ մենք հավաքվենք ու խնդրին լուծում տանք»:

«Արցախը ճանաչելու մասին» օրինագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չեղավ, այդպիսով` որոշումը չընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս