Բաժիններ՝

Գերմանացի մտավորականները կոչ են անում Գերմանիայի կանցլերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մի խումբ գերմանացի մտավորականներ, որոնց թվում է նաև ծագումով թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով հունիսի 2-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը տպագրվել է գերմանական Die Zeit թերթում:

Մերկելին ուղղված նամակում գերմանաբնակ մտավորականները կոչ են անում «հստակ վերաբերմունք ցույց տալ հունիսի 2-ին ու հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը կոչել իր անունով, այն է՝ ցեղասպանություն»:

«Պատկերացրեք, դուք ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է: Մի՞թե դա չէր դիտվի որպես հանցագործության շարունակություն»,- գրել են մտավորականները:
«Հորդորում ենք հետևել եվրոպական հիմնարար արժեքներին և հստակություն մտցնել Ձեր խոսքերում: Հայոց ցեղասպանության հերքումը ներկայում ծառայում է որպես նոր բռնությունների հիմք:

Հայերին 1915 թվականին ահաբեկիչներ էին կոչում, նրանց ունեցվածքը բռնագրավեցին, իսկ 2015թ. ավելի քան 5000 քուրդ է սպանվել Թուրքիայում, որտեղ նրանց ևս ահաբեկիչներ են անվանվում: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ Թուրքիան շարունակ մերժում է առերեսվել իր պատմությանը և անցյալին»,- ասվում է բաց նամակում:

Վերջիններս նաև ընդգծել են, որ Գերմանիայի Բունդեսթագը և դրան նախորդած կառույցները ևս լռություն են պահպանել Հայոց ցեղասպանության հարցում:
Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկման է դրվելու Հայոց ցեղասպանության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս