Բաժիններ՝

«Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ». Վախթանգ Միրումյան

Հարկային մարմիններն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խոսելով պանամական փաստաթղթերի բացահայտման մասին:

Հիշեցնենք, որ օրերս ICIJ-ին հրապարակեց պանամական այն թղթերը, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում: Նշենք, որ այդ անունների մեջ է նաև ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Վ. Միրումյանի խոսքով՝ հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում կատարվում է որևէ ընկերության հետ փոխհարաբերությունների ճշտում և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և դրա արդյունքում՝ կան պետական բյուջե չվճարված հարկեր: Նա նշեց, որ, եթե կլինեն նման դեպքեր, այդ դեպքերի մասին կիրազեկվենք:

Հարցին, թե՝ արտահերթ որևէ քայլ չե՞ք ձեռնարկելու, Վ. Միրումյանը պատասխանեց, որ արտահերթ որևէ քայլ ձեռնարկելու իրավասություն Պետական եկամուտների կոմիտեն չունի:

Հարցին, թե՝ նորմա՞լ է, որ պետական պաշտոնյան օֆշորում բիզնես ունի ու իր եկամուտներն ու հարկերն այնտեղ է մուծում, ոչ թե՝ Հայաստանում, Վ. Միրումյանն այսպես պատասխանեց. «Եթե հարկերը վճարվում է օֆշորում, պետք է պարզվի` օֆշորում գործող օրենսդրությանը համապատասխա՞ն է գործում, թե՞ ոչ, հիմա մեր խնդիրը ո՞րն է, բացահայտել՝ ճի՞շտ է օֆշորում վճարում հարկերը, թե՞ ոչ: Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ, այլ հարց է՝ դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ»:

Վ. Միրումյանը համաձայնեց, որ հարկային ծառայության խնդիրն է այն, որ օֆշորի հետ համագործակցության արդյունքում՝ ընկերությունը կարող է պակաս հարկեր վճարած լինել. «Եթե ՊԵԿ-ը քրեական գործի շրջանակներում կստանա համապատասխան որոշում՝ ստուգելու, կանի ստուգումներ»: Լրագրողի այն հարցին, թե քանի՞ անգամ է ՊԵԿ-ը ստուգում կատարել, ասենք, «Քեթրին Գրուպում» կամ Միհրան Պողոսյանին պատկանող այլ ընկերություններում, Վ. Միրումյանը պատասխանեց, որ այս պահին վիճակագրություն չունի իր մոտ, բայց ստուգումներ արվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս