Արայիկ Հարությունյանը կոչ է արել տեղահանվածներին վերադառնալ իրենց բնակավայրերը
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ:
Վարչապետը ծանոթացել է տեղահանված քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ վերադարձից հետո կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:
«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:
Բնակիչները հիմնականում դրական են արձագանքել վարչապետի առաջարկին և ցանկություն հայտնել առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել իրենց բնակավայրեր:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Մարտակերտի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարները:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին