«Եթե ադրբեջանցիները նորից քաջնազարություն անեն, ավագ դաշնակիցներն ականջներն ուղղակի կձգեն». պաշտոնաթող գնդապետ

Պաշտոնաթող գնդապետ և ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի նախօրեին միջազգային կառույցների և գերտերությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունները, կանաչ լույս վառեցին, որպեսզի Ալիևը ռազմական գործողություններ սկսի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նաև հիշեցրեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Նահապետյանն ընդգծեց, որ որպես նախկին զինվորական հստակ կարող է ասել՝ հետախուզությունը պետք է տեղյակ լիներ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող գործողություններին. «Պետք է հստակ հարց տալ՝ ո՞ւմ էր իսկապես ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսումը: Ռուսաստանին դա հաստատ ձեռնտու չէր, քանի որ նա լավ է գիտակցում, որ սահմաններին առկա կրակը կարող է տեղափոխվել իր սահմաններ: Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխիքին է, այլ բան է, որ Ռուսաստանը հիմա չի ուզում, որ Ադրբեջանն իրենից ամբողջովին պոկվի, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը դառնալու է կարևոր գործիք իր հարավային սահմաններում իրավիճակը ապակայունացնելու, պատերազմական գործողությունները Հարավային Կովկասից Հյուսիսային Կովկաս տեղափոխելու: Դրա համար Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ ինչ-որ լեզու գտնել»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք մայիսի 8-ին և 9-ին Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ կսկսի, պահեստի գնդապետը պատասխանեց. «Եթե ադրբեջանցիները նորից քաջնազարություն անեն, ավագ դաշնակիցներն ականջներն ուղղակի կձգեն: Եթե Ադրբեջանը լոկալ պատերազմ սկսի, ապա միայն Եվլախի ուղղությամբ մեր հարվածները բավարար կլինեն՝ սաստելու ագրեսորի նրա կեցվածքը: Ադրբեջանը նման խելահեղության կգնա միայն իրականության զգացողությունը կորցնելու դեպքում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս