«Հայաստանին հովանավորներ պետք չեն, սակայն իրական դաշնակիցներ պետք են»

Ապրիլյան քառօրյա պատերազմն ակնհայտ դարձրեց՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։ Այս կարծիքին է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նա նշեց, որ Հայաստանին հովանավորներ պետք չեն, սակայն իրական դաշնակիցներ պետք են. «Այս պատերազմն ապացուցեց, որ մենք մեր դաշնակիցների հարցում պետք է լինենք ոչ միայն՝ առավել խտրական, այլև՝ առավել իրատեսական: Մենք չենք կարող Խաչատուր Աբովյանից մեջբերում անել և դաշնակից ունենալ, այդ ժամանակներն արդեն անցել են»:

Նրա խոսքով՝ հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից.

«Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Այնուհետ պետք է վերադառնալ 1994 թվականի ֆիքսված վիճակին՝ հողային և զինադադարի առումներով: Իսկ Ռուսաստանը ջանում է ապակայունացնել վիճակը, ինչպես՝ Ղարաբաղի, այնպես էլ՝ Սիրիայի և մնացած հակամարտությունների առումով։ Եթե որևէ տարածաշրջանում Ռուսաստանին չի հաջողվում դառնալ քաղաքական կամ տնտեսական գործոն, ապա ներկայանում է՝ որպես ռազմական միջնորդ»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի խոսքով՝ շատ դժվար է հասկանալ՝ աշխարհի մեծավորների գլխում ինչ է կատարվում: Նա ծիծաղելի համարեց այն տեսակետը, թե հայաստանյան դիվանագիտությունը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից.

«Հրահանգավորումներ լինում են միայն բանակում: Իսկ ահա մեր պրոֆեսիոնալ դիվանագետները փորձում են ի մի բերել, բալանսավորել աշխարհի գերտերությունների տեսակետները, իսկ դա այնքան էլ հեշտ չէ»:

Նա նաև նշեց, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ահռելի աշխատանք է կատարում. «Հաճախ՝ ոչ հրապարակային»: Եվ թեև հիմա բանակցությունների ժամանակը չէ, բայց ըստ նրա՝ ակնհայտ է, որ առանց բանակցությունների Ղարաբաղի հարցը չի լուծվի.

«Ղարաբաղը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմի մեջ, դա բացառված է: Ցանկացած ուժի ճնշման տակ մենք դա չենք ընդունելու»:

Տեսանյութեր

Լրահոս