«Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում` հողերի հետ կապված». Բակո Սահակյան

Առանց ԼՂՀ մասնակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն անհնարին է: Այս մասին արցախյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա հետևանքններին ու հայկական կողմի հետագա անելիքներին:

«Չկա մի հավանական զարգացում, որ խնդիրը լուծում կստանա առանց մեր մասնակցության: Այդպիսի բան չի լինելու: Իհարկե, ունենալով հիմնախնդրի լուծման հետ կապված հստակ մոտեցում` միաժամանակ մենք հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողություններ:

Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից, սկզբունքից, որ հիմնախնդրի լուծման հետ կապված մեր տեսակետը փոփոխության է ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որ Արցախը լինի այդ բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, քանի որ այն, ինչ թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ:

Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել այս երկար տարիների ընթացքում համոզվելու, որ հայկական կողմը ցանկանում է, որ այս հիմնախնդիրը լուծում ստանա բանակցային գործիքների օգնությամբ»,- նշել է Բակո Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս