«Եվրատեսիլ»-ի մասնակիցը Մարտակերտից ֆրանսերենով պատմում է ադրբեջանական հրետակոծությունների մասին
«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից Եսայի Ալթունյանը Մարտակերտից փորձում է միջազգային հանրությանն իրազեկել ադրբեջանական հրետակոծությունների մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում երկու լեզուներով` հայերեն և ֆրանսերեն, պատմում է, թե ինչ է ավերածություններ է արել Ադրբեջանը Մարտակերտում:
«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում: Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,-նշել է երգիչը` մատնացույց անելով արկերի բազում հարվածներով, կոտրված ապակիներով ու քանդված շենքը:
Երգիչ Եսայի Ալթունյանը (Ֆրանսիա) «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից էր: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: