Բաժիններ՝

Ռուսաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել ուժի դիրքերից. Թրամփ

Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող էր Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել «ուժի դիրքերից»:

Այդուհանդերձ, նա չի պատասխանել հարցին, թե ինչ եղանակով է դա արտահայտվելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության վրա, որը սահմանել են Արևմուտքի երկրները Ղրիմի բռնակցումից հետո:

Միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ԱՄՆ Ազգային շահերի քաղաքագիտական կենտրոնը, հանրապետականը հայտարարել է նաև, որ եթե ինքը, լինելով նախագահ, չկարողանա պայմանավորվել Մոսկվայի հետ, Վաշինգտոնը «պարզապես կլքի բանակցությունների սեղանը»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ «հիմնվելով փոխադարձ հետաքրքրությունների վրա»:

Թրամփի հայտարարությունների լեյտմոտիվը եղել է «Ամերիկան ամեն ինչից առավել է» արտահայտությունը: Միլիարդատերն ասել է, որ եթե ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա Եվրոպայում և Ասիայում ԱՄՆ-ի դաշնակիցները պետք է անձամբ հոգ տանեն սեփական անվտանգության մասին: Նա նաև հայտարարել է, որ իր ղեկավարմամբ Միացյալ Նահանգները «դարձյալ կդառնա հուսալի բարեկամ և դաշնակից»:

Նա նաև մտադրություն է հայտնել ուժեղացնել ռազմական հզորությունը՝ ջախջախելու ԴԱԻՇ-ին՝ վերջինիս համար անսպասելի ռազմավարության միջոցով:
«Նրանց օրերը հաշվված են: Ես նրանց չեմ ասի՝ որտեղ և չեմ ասի՝ ինչպես: Մենք՝ որպես ազգ, պետք է լինենք ուժեղ և անկոտրում: Ու նրանք այլևս չեն լինի»,- ասել է Թրամփը:

Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողությունները համաշխարհային հարթակում՝ դա անվանելով «աղետ», սակայն մանրամասներ չի հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս