Երևանում գտնվող նկարչական արվեստանոցների համար գույքահարկի գծով արտոնություններ տրվեցին
Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում հավանության արժանացավ գույքահարկի արտոնություն սահմանելու մասին նախագծի առաջարկը: Հաստատվեց Երևանում արվեստանոցներ ունեցող Հայաստանի Նկարիչների միության անդամներին գույքահարկի գծով արտոնություններ տրամադրելու առաջարկը:
Կարևորելով նկարիչների կատարած աշխատանքների դերն ու նշանակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս կողմ արտահայտվեց արվեստագետների համար արտոնություններ սահմանելուն, որպեսզի նրանք հանգիստ ստեղծագործեն:
Նիստին առաջարկվեց գույքահարկի գծով արտոնություն տրամադրել Հայաստանի Նկարիչների միության անդամներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների՝ ստեղծագործական արվեստանոցներին:
Երևանում գտնվող Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 27.04.2016թ. դրությամբ կազմում են 1.939.500 դրամ, որի համար նրանք դիմել են Երևանի քաղաքապետին՝ օրենքով սահմանված կարգով գույքահարկի արտոնություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով միության նախագահի կողմից ներկայացված գրությունը՝ գույքահարկի գծով հարկային պարտավորությունների մասով արտոնություն ստանալու վերաբերյալ, նպատակահարմար համարվեց տրամադրել 1.939.500 դրամի չափով գույքահարկի գծով արտոնություն: