«Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը արդարացրած միակ երկիրը Թուրքիան էր». Լիտվայում ՀՀ դեսպան

Վիլնյուսի Ռատուշայում՝ քաղաքապետարանի պատմական կենտրոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Բալթյան հայերի ալյանսի» ջանքերով։ Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Լիտվայի հասարակակական-քաղաքական և մշակութային գործիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Երաժշտական ելույթներով հանդես եկան Վիլնյուսի Դվարիոնասի երաժշտական դպրոցի, Կաունասի «Հայրենիք» համույթի սաները։ Ներկայացված էին նաև Կաունասի Մարտինայտիսի անվան գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կերպարվեստի աշխատանքները։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ցեղասպանության անպատժելիության հետևանքներին. «Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը կրող Թուրքիայի ներկայիս իշխանությունները կարծես վճռական են կյանքի կոչել Օսմանյան կայսրության ամենատխրահռչակ ավանդույթները՝ հարևանների հանդեպ վարած քաղաքականությունը, հովանավորությունը և անմիջական կապը միջազգային ահաբեկչության հետ, Սիրիայի միլիոնավոր փախստականների հարցի շահարկումը, Թուրքիայի ներսում բռնատիրական կարգերի հաստատումն ու հիմնարար ազատությունների ոտնահարումը»։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ դեսպան Այվազյանը նշեց․ «Մենք գործ ունենք իրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»: Դեսպան Այվազյանը հավելեց, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը չեն մոռանալու անցյալը և թույլ չեն տալու Լեռնային Ղարաբաղում մեր ժողովրդի ցեղասպանության կրկնությունը։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն և «Բալթյան հայերի ալյանսի» նախագահ, հայտնի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։

Ապրիլի 24-ին Աստանայում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյը մատուցեց սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հայր Սերգիյն իր խոսքում նշեց, որ «թուրքերը սպանել են քրիստոնյա հայերին ազգային և կրոնական պատկանելության համար» և «այսօր նույնը ոճիրը կրկնում է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ապրող հայերի, ասորիների, եզդիների նկատմամբ»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերս համախումբ ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը և հայտնում՝ քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ու դատապարտվել Մեծ Եղեռնը, նման ոճրագործությունների կրկնությունը չի կարող բացառվել ապագայում»:

Տեսանյութեր

Լրահոս