Բաժիններ՝

Գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից Ադրբեջանի դեմ գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան):

Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:

2016թ. ապրիլի 9-ին և 15-ին Դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում և կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք լրագրողներին և այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին և նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:

Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` Դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան:

Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս