Դամասկոսի նահանգում շուրջ 600 զինյալ միացել է հրադադարին. RIA Novosti
Գրոհայինների 6 խումբ, ընդհանուր առմամբ գրեթե 600 մարդ, ովքեր վերահսկում էին Սիրիայի Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են կրակի դադարեցման մասին համաձայնագրին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հայտնել է թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Յուրի Զրաևը:
Համաձայնագրի տակ, որը կնքվել է ռուսական կողմի միջնորդությամբ, իրենց ստորագրություններն են դրել Ռուհեյբայի մեծ մզկիթի իմամ, զինված խմբավորման լիազոր ներկայացուցիչ, զինադադարի տեղի հանձնաժողովի նախագահ Խալեդ Ալ Քեջի Բուջիթը, Դամասկոս նահանգի փոխնահանգապետ Ահմադ Ադասը, ինչպես նաև Սիրիայի հաշտեցման նախարարության ներկայացուցիչ Յասեր Սաադ Ալլահը:
«Այդ գործընթացը շատ դժվար էր, երկարատև, սակայն, միևնույն ժամանակ, կա դրական կողմ, մենք եկանք համաձայնության տարբեր կողմերի հետ»,- ասել է Զրաևը:
Նա հայտնել է, որ տվյալ համաձայնագիրը երաշխավորում է կրակի դադարեցումը Ռուհեյբայում ու նպաստում է կրակի դադարեցման ռեժիմի տարածմանը հարևան քաղաքներում:
Համաձայնագրի ստորագրման շրջանակում կազմակերպվել է նաև մարդասիրական ակցիա: Ռուս զինվորականները քաղաք են հասցրել 3,5 տոննա սննդամթերք: