«Մենք պատրաստ ենք ընդլայնել Թուրքիայի դեմ գործողությունները». PKK-ի առաջնորդ
«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Ջեմալ Բայըքը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել Թուրքիայի դեմ գործողությունները:
«Քրդերը մինչև վերջ պաշտպանվելու են: Քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը, PKK-ն ընդլայնելու է ռազմական գործողությունները»,- ասել է Բայըքը:
Նա նաև մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակամարտության էսկալացիայի մեջ: «Նա ցանկանում է, որ քրդերը հանձնվեն: Եթե նրանք չհանձնվեն, Էրդողանը ցանկանում է սպանել բոլոր քրդերին: Նա բացահայտ այդ մասին ասում է, նա դա չի թաքցնում»,- հայտարարել է Բայըքը:
Միաժամանակ, ըստ PKK-ի առաջնորդի, կուսակցությունը չի ձգտում առանձնանալ Թուրքիայից ու պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ցանկանա բանակցել:
Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը, իր հերթին, BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները դեռ ոչ մի բանակցություն չեն պլանավորում PKK-ի հետ:
«Նրանք փորձում են ստեղծել առանձին պետություն Թուրքիայի տարածքում, դա ակնհայտ է»,- հայտարարել է նա:
Ապրիլի սկզբին Էրդողանը բացառել էր «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ խաղաղ բանակցությունների վերսկսումը: