Չեխահայերը պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ երթով անցնելով Պրահայի կենտրոնով
Չեխիայի հայությունն այս ապրիլի 24-ը սկսել է «Մուսա լեռան 40 օրը» հայտնի վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղկեպսակի զետեղումից։ «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի խմբագրությունից տեղեկացնում են, որ արարողությունը կատարել են Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Սուրբն իր խոսքում նշել է, որ նկատի ունենալով Վերֆելի դերը Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցում, որոշել են Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հետ բանակցությունների միջոցով Պրահայում տեղադրել Ֆրանց Վերֆելի արձանը։ Հայաստանի դեսպանն իր հերթին ավելացրել է, որ Վերֆելն իրապես այն գրողն է, որի վեպի շնորհիվ Չեխիայի բարձր քաղաքական դեմքերը, կարդինալ Դուկան եւ այլ քաղաքական գործիչներ տեղեկացել են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ հայ ժողովրդի մասին:
Այնուհետեւ հայ համայնքի անդամները հայոց պետության եւ եկեղեցու ներկայացուցիչների գլխավորությամբ շարժվել են դեպի հայկական խաչքար՝ ծաղկեպսակ զետեղելով եւ անդրադառնալով օրվա խորհրդին։ Խաչքարի մոտ ծաղիկներ է դրել նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը։ «Կգա մի օր, երբ Չեխիայի խորհրդարանն ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է դեսպանը, հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ճանաչել է ցեղասպնությունը։
Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24» կոմիտեի եւ ԱՐՄՊՐԱՀԱ երիտասարդական միության անդամների ակտիվ կազմակերպությամբ Վացլավի անվան հրապարակից մինչեւ Ստարոմեստսկա կենտրոնական հրապարակ հարյուրավոր հայեր քայլել են երթով, վանկարկումներով ու հայրենասիրական երգերով, Թուրքիայից պահանջելով առերեսվել իր պատմությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հրապարակից երթի մասնակիցները շարժվել են դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, ուր Հայր Բարսեղը մատուցել է Սրբոց Նահատակաց բարեխոսության կարգ՝ նկատի ունենալով, որ անցյալ տարի Հայ առաքելական եկեղ եցին ցեղասպանության բոլոր զոհերին սրբադասել է։
Իր քարոզում Հայր Բարսեղը նշել է, որ 101-ամյակին հայ համայնքը նույն հաստատկամությամբ պահանջում է հայոց ցեղասպանության ճանաչում։ «Մենք խնդրում ենք Աստծուց, որպեսզի տերը զորացնի մեզ եւ արդարության պահանջով գնանք առաջ։ Մեր թշնամին ուզում էր վերացնել աշխարհի երեսից մեր ազգը։ Մենք պետք է ուժեղանանք միասին։ Եթե չունենանք ուժեղ երկիր ու բանակ, ոչ մի բանի չենք հասնի։ Արցախի դեպքերը ցույց տվեցին, որ մնացել ենք միայնակ։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք ու զորացնենք մեր երկիրը։ Այսօր մեզ պետք է Աստծով զորանալ եւ զենքով։ Քանի որ սրանք են այսօրվա աշխարհի թելադրած օրենքները։ Եղբայրություն, սեր ու խաղաղություն լինի»,- ասել է Հայր Բարսեղը։
Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն էլ նշել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի էլ հայ համայնքը ցույց տվեց, որ միասնական է եւ մեր ձայնը կարող ենք հասցնել այս երկրի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին։ «Չեխական խորհրդարանի պատվիրակությունը գտնվում է Երեւանում։ Նրանք իրենց հայտարարություններով սատարում են ոչ միայն ցեղասպանության, այլեւ Արցախի մեր արդար գոյամարտը։ Հավատացեք, որ հաղթանակը մերն է լինելու։ Շնորհակալություն բոլորին՝ ձեր նվիրվածության եւ ակտիվության համար», -ասել է դեսպանը։
Վերջում ներկաները դիտել են Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը՝ նկարահանված դեռեւս 30 տարի առաջ եւ նվիրված Հայոց ցեղասպանությանը։
Հայ համայնքի երթը լուսաբանվել է չեխական Պրիմա հեռուստաընկերության կողմից։