Ֆրանսիացի սենատորը կոչ է անում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցով գործուն քայլեր ձեռնարկել

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և մի շարք ֆրանսիացի քաղաքական ու հասարակական գործիչներ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ելույթ է ունեցել Օ-դը-Սենից ընտրվ ած սենատոր Էրվե Մարսելը:

Նրա խոսքով` Թուրքիայի առաջնորդները չնչին քայլեր են կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

«20-րդ դարի առաջին զանգվածային սպանդից` ցեղասպանությունից, մեկ դար անց նույն զգացողությունները դեռևս պահպանվում են: Մենք 2016թ-ին դեռ սպասում ենք, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012թ-ին տված իր խոստումը կպահի և Հայոց ցեղասպանության ժխտողականության դեպքերը քրեորեն պատժելի կլինեն»,- նշել է Էրվե Մարսելը: Նա շեշտել է, որ այս հարցի առնչությամբ ինքը և բազմաթիվ այլ սենատորները նամակ են հղել Ֆրանսիայի նախագային, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

Նա նաև անդրադարձել է 2016թ-ի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային, որը տեղի ունեցավ ընդհանուր անտարբերության պայմաններում: «Եթե մենք աչք փակենք կամ փոքրացնենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի չափերը, ապա մենք կդառնանք անտարբեր և կմատնվենք ինքնահոսի: Մենք պետք է գործենք»,- ասել է Էրվե Մարսելը:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նաև Ֆրանսիայի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին` ի դեմս Միսաք Մանուշյանի խմբի: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս