«1994-1995թթ. հրադադարի պայմանագիրն ուժի մեջ է, կարևոր ենք համարում 2011թ. փաստաթուղթը ևս». Լավրովը՝ Ղարաբաղյան կարգավորման մասին

«Ուժի մեջ է 1994-1995թթ. Հրադադարի պայմանագիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԼՂ հակմարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա տեղեկացրեց, որ իրենց համատեղ բանակցությունների ընթացքում բնականաբար քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Լավրովն իր ցավակցությունը հայտնեց բռնկման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նա կրկին անգամ վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ առաջնահերթություն է 1994-1995թթ. Հրադադարի պայմանագրի կատարումը, քանի որ դրա դրույթներն անժամկետ են: Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես եռանախագահների անդամ երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի կողմերին աջակցի կատարել այն վստահության ու անվտանգության միջոցները, որոնք հաստատվել է 2011 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթով:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են քննարկվել, Լավրովը պատասխանեց, որ 1994-95թթ. պայմանագիրն ունիվերսալ կերպով պահպանում է իր ուժը, ինչպես նաև 2011թ. փաստաթղթի դրույթները: Նրա փոխանցմամբ, հինգ տարի առաջ ԵԱՀԿ-ն պատրաստել էր ճանապարհային քարտեզ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել:

Լավովի խոսքով, ԵԱՀԿ-ում Գերմանիաի նախագահությունը, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտության կարգավորման հարցում, պետք է զբաղվի այս հարցով:

Նա հույս հայտնեց, որ դրա վրա կկենտրոնանա Գերմանիայի նախագահութունը: «Մենք աջակցելու ենք, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատությունը»,- ասաց Լավրովը:

Հիշեցնենք, որ մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երևան ռուսական ԶԼՄ-ներում հրապարակումներ էին շրջանառվում, թե Լավրովը Երևան է բերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռուսական ծրագիր, որն իբրև թե ենթադրում է տարածքների վերադարձ հայկական կողմից և ռուս խաղաղապահների տեղակայման համաձայնություն ադրբեջանական կողմից:

Տեսանյութեր

Լրահոս