Արփինե Հովհաննիսյանը Թյորբորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂՀ դեմ իրականացված ռազմական գործողություններին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաև ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: