Ինչ է իր հետ բերել Լավրովը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան: Նրա՝ Երեւան ժամանելուն պես Ադրբեջանի ԱԳՆ-ն մի անհեթեթ հայտարարություն տարածեց՝ փորձելով քառօրյա պատերազմի մեղքը գցել Հայաստանի վրա: Այս քայլով եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ բանակցությունները թեւակոխել են մի փուլ, որի ընթացքում փորձ է արվում հայկական կողի վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ փաստաթուղթ պարտադրել:
Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Մասնավորապես, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հավաստիացրել էր, թե ոչ մի փաստաթուղթ էլ սեղանին չկա:
«Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- ասել է Քոչարյանը:
Փոխարենը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է. «Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղեւորվում»: Միեւնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե Լավրովը կոնկրետ ինչ առաջարկներով է ժամանում Հայաստան: «Ասել, որ դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման հունի մեջ մի շարք գաղափարների քննարկման մասին: Դրանում էլ կայանում է միջնորդի մեր առաքելությունը, որպեսզի զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց խնդիրները, առաջարկենք համապատասխան լուծումներ»,- ասել է Զախարովան:
Հույս ունենանք, որ գոնե այսօր Հայաստանի իշխանությունները կհրապարակեն Լավրովի առաջարկի էությունը: Ի վերջո, քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ Արցախի եւ Հայաստանի միակ դաշնակիցն ու պաշտպանը հայ հանրությունն է, որն իրավունք ունի տեղեկացված լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: