10 ամերիկացիներից 9-ը նախընտրում են բուժվել աղոթքով
Ընդգրկուն սոցիալական հարցումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր իններորդ ամերիկացին փորձել է իրեն կամ ուրիշների հիվանդություններից բուժել աղոթքի կամ ձեռնադրման միջոցով՝ հաճախ հրաժարվելով դեղորայքի կամ թերապիաների օգտագործումից: Այդ մասին Journal of Religion and Health-ում հրապարակված հոդվածում հայտարարել է գիտնականներից մեկը:
«Ամենաանսպասելի բացահայտումն այն է, որ ամերիկացիների մոտավորապես քառորդ մասը կիրառում է ձեռնադրումը (ապաքինման քրիստոնեական արարողությունը), եւ նրանցից յուրաքանչյուր հինգերորդը դա քանիցս արել է: Կարելի է ասել, որ բուժիչ աղոթքները հավատքի ամենատարածված դրսեւորումն են ԱՄՆ-ում»,- հայտարարել է Ուեյկոյի Բեյլորյան համալսարանի աշխատակից Ջեֆ Լեւինը:
Գիտնականն այս եզրակացության է եկել, վերլուծելով սոցիալ-կրոնական հարցման արդյունքները, որը համալսարանի կողմից 2010 թվականին անցկացվել է Gallup-ի հետ համատեղ: Ընդհանուր առմամբ այս նախագծին մասնակցել են 1700 կամավորներ, որոնք համաձայնել են գիտնականին պատմել այն մասին, թե ինչպես են իրենց կրոնական հայացքները (կամ դրանց բացակայությունը) ազդում այն բանի վրա՝ ինչպես են իրենք ազատվում հիվանդությունից կամ պայքարում քրոնիկ հիվանդությունների դեմ:
«Հետաքրքիր է, որ շատ մարդիկ, որոնք նախընտրում են աղոթել բուժվելու համար, դա անում են բուժման ավանդական ձեւերի հետ միասին, այլ ոչ թե դրանց փոխարեն, ինչը հակասում է տարածված այն պատկերացումներին, թե կրոնը փոխարինում է բժշկությանը: Կարելի է ասել, որ շատ դեպքերում աղոթքը լրացնում Է, այլ ոչ թե փոխարինում թերապիային»,-հավելել Է գիտնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: