«Ինչո՞ւ մեր դիվանագիտությունը չի օգտվում այս առիթից». Հաղթանակ Շահումյան
Այսօր Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, պատգամավոր Ռուզան Մուրադյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին սահմանային իրավիճակը, անդրադարձան բանակին և կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանը ցավով նշեց, որ խելացի ժողովուրդ լինելով՝ մենք դասեր չենք քաղում ո՛չ մեր, ո՛չ ուրիշների օրինակից: Նա որպես օրինակ՝ հիշատակեց Իսրայելը՝ նկատելով, թե ինչպե՞ս նույնիսկ հարյուրավոր տարիներ անց Իսրայելին դեռ հաջողվում է իր ժողովրդի օգտին դիվիդենտներ շահել այնպիսի հեռավոր պատմական իրողությունից, ինչպիսին Համաշխարհային պատերազմի օրերին ծավալված իրադարձություններն էին: «Արդեն պարզ է, որ միջազգային հարթակներում Ադրբեջանը մեծապես հեղինակազրկվել է, ինչո՞ւ մեր դիվանագիտությունը չի օգտվում այս առիթից: Ինչո՞ւ մենք չունենք բավարար չափով պրոֆեսիոնալ դիվանագիտական միտք, որ կարողանանք մեզ համար այսքան նպաստավոր այս իրավիճակում մեր շահերից բխող հետևությունների գալ: Թո՛ղ Սփյուռքի համաշխարհային մակարդակի փորձված դիվանագիտական ներուժի օգնությանը դիմեն, թո՛ղ խորհրդակցություններ հրավիրեն ճիշտ այնպես, ինչպես Կոմանդոսը փորձեց միավորել նույն այդ Սփյուռքի ռազմական ներուժը, որը կարծես ստացվում է: Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հենց դիվանագիտական հարթակում Արցախյան հարցի հաղթական լուծման բանալին գտնվի»,- կարծում է Հաղթանակ Շահումյանը:
Ի լրումն Հաղթանակ Շահումյանի բարձրաձայնած խնդրի՝ Անահիտ Բախշյանը նկատեց. «Սորբոնի համալսարանում փայլուն կրթություն ստացած, փայլուն դիվանագետ ու հայրենասեր Հայկ Մարտիրոսյանը, ով վարչապետի օգնականն էր, ընդամենը մեկ ամիս կարողացավ աշխատել այս փնթի միջավայրում: Ես շատ լավ եմ հասկանում նրա հրաժարականի պատճառները և կարծում եմ, որ այս օրինակը ձեզ արդեն ինչ-որ բաներ հուշում է՝ Սփյուռքի ներուժն օգտագործել չկարողացող մեր իշխանությունների վարքագծի վերաբերյալ»: