Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու առաջարկությունը:

Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի առկա խնդիրները կանոնակարգելու՝ համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել են մի քանի առաջարկություններ, մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու և զուգահեռաբար նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ: Նախարար Լևոն Մկրտչյանն իբրև մտահոգություն նշել է, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ. «Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն:

Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետևյալն է. լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես տերմինաբանական կոմիտեի գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման և դպրոցական ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ՀՀ կառավարությունում և մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս