«Ասա, թող ձենները կտրեն». Հրանտ Բագրատյանը` ՀՀԿ-ականներին
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը 3 հարց ուղղեց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանին` արդյոք ՎՊ-ն ստուգելո՞ւ է Հյուսիս-Հարավ ավտոմայրու համար կատարվող ծախսերը, ՊԵԿ ստուգիչ գները և բանկերի կողմից որպես գրավ բնակարանները վերցնելու հարցը: Հ.Բագրատյանը նշեց, որ նախապես Հյուսիս-Հարավ նախագծի համար պահանջվում էր 500 մլն դոլար, հիմա 1 մլրդ է պարտք վերցվել, այն էլ այն տեղերում է շինարարություն արվել, որտեղ նորմալ ճանապարհ կար:
Ըստ նրա` Հայաստանը միակ երկիրն է, որ ապրանքը բերում են ու Մաքսային ծառայությունն է մաքսազերծման գին թելադրում և չի ճանաչում պայմանագրային գները: Պատգամավորի խոսքով` տեղեկություններ կան, որ բանկերն արդեն 26 հազար բնակարան գրավի դիմաց վերցրել են. «Արդյոք դա Ձե՞ր խնդիրն է` ի՞նչ գնով են, ի՞նչ մեթոդաբանությամբ են բանկերը գրավ վերցնում»:
Ա.Նռանյանը պատասխանեց, որ մասնավոր հատվածի` բանկի և քաղաքացու գործարքը չի հանդիսանում ՎՊ իրավասությունների շրջանակի մաս. «Մենք ցանկություն ունեցել ենք, բայց կա իրավական հակասություն օրենքի մեջ»: Ըստ ՎՊ փոխնախագահի` նույնը սակագների և հսկիչ գների հետ է կապված, դրանք պետական մարմինների գործառույթներ են, և գործադիրի գնահատականը պետք է տա Ազգային ժողովը: Նա նշեց, որ ՎՊ-ի մասին օրենքի փոփոխության ժամանակ դա կշտկվի:
Հարցին միջամտեցին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Սուքիաս Ավետիսյանը, ինչը վրդովեցրեց Բագրատյանին: «Ասա, թող ձենները կտրեն»,- Բագրատյանը բարկացած դիմեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:
«Ինձ ես հարցնում, ես քեզ եմ պատասխանում»,- իր հերթին՝ վրդովվեց Ս.Ավետիսյանը, սակայն Հ.Բագրատյանը ընդհատեց նրան` ասելով, թե ինքը դիմում է ՎՊ ներկայացուցչին:
Ա.Նռանյանը նշեց, որ 2018թ. ՎՊ-ն ինքն է հաստատելու իր ծրագիրը, ԱԺ հաստատումը չի պահանջվի, և այդ ժամանակ կարող են Հյուսիս-Հարավ ծրագիրն ուսումնասիրել: «Մինչև 18 թիվն էդ վարկից բան չի մնա»,- դժգոհեց Հ.Բագրատյանը` պնդելով, որ այսօր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: «Մենթորական տոնին վերջ տվեք: Ցանկացած ներկա կարող է և´ մեկնաբանել, և´ արձագանքել: Բարի եղեք, խնդրում եմ, պահպանեք էթիկետը»,- միջամտեց Խ.Հարությունյանը:
Ի պատասխան Գագիկ Մինասյանի դիտարկմանը, որ ՎՊ-ն այսօր էլ կարող է ԱԺ հաստատած ծրագրից դուրս հավելյալ հարց ներգրավել և ուսումնասիրել, Բագրատյանը խնդրեց ընդունել՝ որպես առաջարկ, և հրատապ կարգով Հյուսիս-Հարավը մտցնել ուսումնասիրության ծրագրի մեջ:
«5 հարց տվեցիր, ոչ մեկն իր իրավասության մեջ չի»,- իր հերթին՝ վրդովված հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ Աղվան Վարդանյանը:
Այս դիտարկումից Հ.Բագրատյանն էլ ավելի բորբոքվեց` «Չմիջամտես, քո ի՞նչ գործն է»: «Ի՞նչ ա եղել ձեր հետ էսօր»,- ընդհանուր դիմեց Հ.Բագրատյանը: