Եզդիներն Ադրբեջանի դեսպանատանը նամակ են գրել, որպեսզի դադարեցնեն պատերազմը

«Մենք այսօր շատ բարեկամական հարաբերություններ ունեք Հայաստանի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի նախագահ Թամազ Մհոլին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 21-ին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղի կունենա Իրաքի Շանգալ նահանգի 2014թ. օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողի բացումը, որը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Թ. Մհոլին ասաց, որ շատ ուրախ են Հայաստանում գտնվելու համար: Նրա խոսքով՝ հայկական սփյուռը և իրենց ազգի սփյուռքն այսօր Ֆրանսիայում շատ սերտ հարաբերություններ ունեն: «Հայ ազգի էլիտան, որը գտնվում է Եվրոպայում, մեզ հետ շատ լավ հարաբերություններ ունի: Այսօր մենք գիտենք՝ ապրիլի 2-ին ինչ եղավ Հայաստանում: Անկեղծ ասած, մենք շատ ենք անհանգստանում: Այն, ինչ եղավ այսօր, մենք անտարբեր չեղանք, մենք մեր անունից, մեր եզիդների ֆեդերացիայի անունից Ադրբեջանի դեսպանատանը նամակ ենք գրել, որպեսզի դադարեցնեն այդ պատերազմը: Նման սերտ հարաբերություններ մենք ունենք նաև Հայաստանի իշխանությունների հետ, մենք հույս ունենք, որ մեր բարեկամությունը միշտ կլինի»,- նշեց նա:

Նա նաև հայտնեց, որ իրենց նամակին դեռևս պատասխան չեն ստացել, բայց մեծ հույս ունեն, որ Ադրբեջանը կարձագանքի:

Եվրոպայում ասորիների ֆեդերացիայի նախագահ Լադո Հոբիլն էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում: Նա նշեց, որ իրենց Հայաստան գալու նպատակն ապրիլ ամիսն է, որը, նրա խոսքով՝ ցեղասպանությունների ամիս է: Նա նշեց, որ իրենց հայ ժողովրդի հետ միշտ լավ հարաբերություններ են ունեցել. «Հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած այս վատ իրավիճակը մեզ էլ անհանգստություն է տալիս»:

Շվեյցարիայում եզդիների համայնքի ֆեդերացիայի նախագահ Սորո Կարամանն էլ նշեց, որ իրենք, ասորիները և հայերը նույն ցավն են կրել՝ նույն սրից, ու ամբողջ կյանքում պայքարել են դրա դեմ. «Ես ուզում եմ, որպեսզի մեր համատեղ բարեկամությունը շարունակվի, համատեղ պայքարենք մեր ապագայի համար: Բնական է՝ մենք խոր ցավ ենք ապում Ղարաբաղի այս վերջին իրավիճակի համար ու մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի բնակչությանը»:

Տեսանյութեր

Լրահոս