Բաժիններ՝

«Ասացի ո՞ւր ես գնում, չասաց… հետո առավոտյան վեր կացավ, ասաց…»

asparez.am. Գյումրիում երիտասարդը 3 երեխաներին ու կնոջը թողել ու մեկնել է Ղարաբաղ

-Ասացի` ո՞ւր ես գնում, չասաց… Հետո առավոտյան վեր կացավ, ասաց` ուր է գնալու…

Կիսամութ սենյակում լռություն է. 32-ամյա Ժաննան` 3 երեխաների մայրը, ավարտում է խոսքը, դանդաղ բարձրացնում աչքերն ու հայացքն ուղղում դեպի սենյակի խորքը: 6 օր առաջ Գյումրիում ընտանիքին հրաժեշտ է տվել ու Լեռնային Ղարաբաղ է գնացել Ժաննայի ամուսինը` 36-ամյա Ռազմիկը:

Ապրիլի սկզբներին` քառօրյա պատերազմի ընթացքում, որպես կամավոր, Ռազմիկը հերթագրվել է զինկոմում, իսկ մի քանի օր անց արդեն մեկնել Ղարաբաղ: Կինը պատմում է, որ սկեսրայրը` Ռազմիկի հայրը, եղել է ազատամարտիկ, 90-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, այդ նույն ընթացքում հոր հետ փոքր տարիքում Արցախում գտնվել է նաեւ Ռազմիկը: Մարտնչելու եւ պատերազմելու ձգտում Ռազմիկն ունեցել է դեռ մանկուց:

Տարիներ առաջ աշխատել է որպես հացթուխ, իսկ վերջին օրերին Ռազմիկը գործազուրկ է եղել, աշխատանք չի գտել: Կինն ասում է, որ ամուսինն աշխատանք փնտրել է, բայց չի գտել:

kamavor-3

Ժաննան պատմում է նաեւ, որ ամուսինն ունեցել է առողջական խնդիրներ, բրոնխներից է բողոքել. հացթուխի աշխատանքը թողել է հենց առողջական խնդիրների պատճառով:

Ռազմիկի ընտանիքն արդեն 10 տարի է` ապրում է Սավոյան փողոցի տնակներից մեկում` կենցաղային անբավարար պայմաններում: Մեծ դուստրը 14 տարեկան է, կրտսեր դուստրը` 13, իսկ տան ամենափոքրը որդին է` Նարեկը, ապրիլի 18-ը Նարեկի ծննդյան օրն է, կդառնա 2 ամսական:

Ընտանիքն ապրում է ընտանեկան նպաստով` ամեն ամիս պետությունից ստանում է 34 հազար դրամ. 3-րդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքին պետական աջակցություն, միանվագ դրամական օգնություն է տրվել` 500 հազար դրամ:

Ընտանիքն այդ գումարով կիսավեր, կոմունալ տարրական պայմաններից զուրկ տնակը վերանորոգելու ցանկություն է ունեցել, սակայն առաջացած պարտքերն են փակել գումարով, իսկ տնակն այդպես կիսավեր էլ մնացել է:

Ընտանիքն այսօր անելանելի վիճակում է, Ժաննան անկեղծանում է` օգնություն ստանալու ակնկալիքով պատրաստվում է դիմել Գյումրու քաղաքապետին ու Շիրակի մարզպետին. միաժամաանկ երիտասարդ կինը փոխանցում է, որ անգամ չքավորության մեջ կարեւորը խաղաղություն ունենալն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս