Նիկոյանը չգիտի` ինչո՞ւ Պուտինը չգիտի
«Մեզ համար ամենակարևորը, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի անկախ ապրելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, լինեն անվտանգության միջազգային երաշխիքները և, անշուշտ, Հայաստանի հետ ցամաքային կապը: Մնացածը, եթե Ադրբեջանը դրանից գոհ է մնում, թող գոհանա, ի՞նչ է եղել: Մենք մեր խնդիրներն ունենք, մեր գոհ լինելու չափորոշիչներն ունենք, մնացածը մեզ քիչ է հետաքրքրում, թե Ադրբեջանն ինչից գոհ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը ցանկանում է լիարժեք կերպով աշխատել ինչպես՝ Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ, որ երկու կողմն էլ բավարարվեն:
Մեր դիտարկմանը, որ Ադրբեջանն այդ լուծումից գոհ չէ, արդյո՞ք Ռուսաստանն այլ, երրորդ տարբերակ ունի հակամարտության լուծման, Ս.Նիկոյանը պատասխանեց, որ ՌԴ-ն ինքնուրույն լուծման տարբերակ չունի, կան Մինսկի խմբի համանախագահներ, կան սկզբունքներ, որոնց մասին բազմիցս հայտարարել են թե´ համանախագահները, թե´ համանախագահ պետությունների երկրների նախագահները. «Այդ առաջարկներն են, այլ պաշտոնական առաջարկ չկա»:
Մեր դիտարկմանը, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները», իսկ Ղարաբաղի ժողովրդի մասին ոչինչ չի ասել, Ս.Նիկոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ է նշում, ես իմ տեսակետն ասացի»: Հարցին` գուցե մեր իշխանությունները լավ չե՞ն բացատրել, որ հակամարտության կողմը Ղարաբաղն է, որ Ղարաբաղն անկախ պետություն է, պատգամավորը պատասխանեց. «Դա մենք բացատրում ենք՝ արդեն 88 թվականից սկսած, քանի՞ տարի է ստացվում, հաշվեք` 28 տարի, մենք բոլորին բացատրել ենք, իրենք շատ լավ էլ գիտեն, անգիր էլ գիտեն: Եվ այստեղ խնդիրը Հայաստանի ցանկությունների կամ բավարարման մասին չէ, այստեղ խոսքը գնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»: Թե այդ դեպքում ինչո՞ւ է Պուտինը հատուկ Հայաստան նշում, Ս.Նիկոյանն ասաց. «Չգիտեմ, դա հարցրեք իրեն»: