Հակառակորդի կողմից խոշտանգված 18 զոհերի դեպքով հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները։

Դիակների արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից  արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։

Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։

Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս