Ավարտվել է Պուտինի «ուղիղ կապը». ՌԴ նախագահը 3 ժամ 40 րոպե պատասխանել է ռուսներին հուզող հարցերին
Ավարտվել է ՌԴ նախագահի մասնակցությամբ ամենամյա «ուղիղ կապը»: Միջացառումը տևել է 3 ժամ 40 րոպե: Այս ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը պատասխանել է ավելի քան 70 հարցի:
Նշենք, որ ՌԴ քաղաքացիները հիմնականում ուղղել են երկրի տնտեսության վատ վիճակին, աշխատավարձերի ուշացումներին վերաբերող հարցեր, Ղրիմի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերին ևս անդրադարձ կատարվել է:
Պուտինը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացմանն ու հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին:
«Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ գտնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը: Ինչ էլ որ չասեն, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ»,- հայտարարեց Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք կերպով աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության հարցի լուծումը պետք է կայացվի քաղաքական որոշումների հիման վրա՝ փոխզիջումներով:
Նշվում է, որ «ուղիղ կապին» ստացվել է ավելի քան 3 միլիոն հարց:
Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 55 րոպե:
Պուտինի և ռուսների հետ շփման համար հստակ ժամանակահատված սահմանված չէ: Ամենաերկար «կապը» եղել է 2013թ., երբ այն տևել է 4 ժամ 48 րոպե: