Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Հարցին, թե ինչ հեռանկարներ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Պուտինն ասաց, թե դա «զգայուն թեմա է և պետք է այդ հարցին զգույշ վերաբերվենք՝ չվնասելու սկզբունքից ելնելով»:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «հին հակամարտություն է, որը սառեցված չէ, ցավոք, եղավ բռնության աճ»:
«Մենք կանենք ամեն ինչ, որ հակամարտությունը կարգավորվի»,- ասաց Պուտինը՝ նշելով, որ դա երկու կողմի համար էլ ընդունելի որոշում պետք է լինի:
«Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ գտնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը: Ինչ էլ որ չասեն, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ»,- հայտարարեց Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք կերպով աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության հարցի լուծումը պետք է կայացվի քաղաքական որոշումների հիման վրա՝ փոխզիջումներով: Պուտինը նշեց, որ իրեն թվում էր, թե մի քանի տարի առաջ իրենք մոտ էին ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Բայց Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»,- հայտարարեց ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում և ինքը գիտի մեծ թվով հայերի և ադրբեջանցիների, որոնք «լավ հարաբերություններ են պահպանում» Ռուսաստանում: