Բողոքի ցույցեր Մակեդոնիայում. ցուցարարները գրոհել են նախագահի գրասենյակը
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում երեկ հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ուղղված երկրի նախագահ Գեորգի Իվանովի դեմ, ով որոշել է համաներել անօրինական գաղտնալսման սկանդալի մասնակիցներին, հայտնում է korrespondent.net-ը:
Ցուցարարները ներխուժել են երկրի ղեկավարի գրասենյակ, կոտրել պատուհանները, կահույքը, հրդեհել տարածքը: Բացի այդ՝ ցուցարարները փորձել են ներխուժել երկրի խորհրդարան, որի մուտքը փակված է եղել ոստիկանների կողմից:
Ոստիկանության տեղեկություններով՝ ձերբակալվել է 12 մարդ: 1 լրագրող վնասվածքներ է ստացել:
Անօրինական գաղտնալսումների մասին սկանդալը ծագել էր 2015թ., երբ պարզվել էր, որ այդ ժամանակ արդեն երկրի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին ու հատուկ ծառայությունների ղեկավարներն առնչություն ունեն Մակեդոնիայի շուրջ 20 հազար քաղաքացիների հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսմանը, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների: