«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը հակամարտության ամբողջ համապարփակ լուծման ընդամենը մեկ տարր է»

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը հակամարտության ամբողջ համապարփակ լուծման ընդամենը մեկ տարր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Խաղաղապահների տեղակայման հարցը ի հայտ է գալու կարևորագույն խնդիրները լուծելուց հետո: Հիմնական խնդիրը ոչ թե հետևանքների, այլ պատճառների վերացումն է: Խաղաղապահները պատճառը չեն վերացնելու»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով՝ հակամարտության պատճառն այն է, որ Ադրբեջանը իրականացնում է ագրեսիա, չի համակերպվում Արցախի ժողովրդի ինքնորոշման օրինական պահանջի հետ:

«Եվ թիվ մեկ խնդիրը կարգավիճակի հստակեցումն է: Եվ շատ լավ է, որ Երևանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ առանց Արցախի իշխանությունների որևէ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող: Խաղաղապահների տեղակայման խնդիրը դա ամբողջ հարցի ամենավերջին գիծը պետք է լինի, որին դեռ պետք է հասնել: Պետք է հստակեցնենք կարգավիճակի հարցը, կան բազում այլ հարցեր, որոնք պետք է հստակեցվեն, որից հետո միայն խնդիրը կհասնի խաղաղապահներին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը շեշտեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում: Նրա խոսքով՝ Արցախի անկախությանն այլընտրանք չկա, Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Հայաստանի Հանրապետությունն էլ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, պարտավոր է իրականացնել և պահպանել Արցախի ժողովրդի արդարացի պահանջը:

Տեսանյութեր

Լրահոս