Մենք 25 միլիոն դոլար չունեի՞նք՝ «Սոլնցեպյոկ» առնեինք. «Առավոտ»

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրերս «Շանթի» եթերում պատասխանելով իշխանության հասցեին սոցցանցերում հնչող այն քննադատություններին, որ «քո մեքենան ծախիր՝ TOC-1 A առ», և համեմատելով զինտեխնիկայի գները շքեղ մեքենաների գների հետ՝ ասաց. «Երբեմ ծիծաղելի են նման մեկնաբանությունները։ Մի համակարգը, որ արժե 30-40 մլն դոլար, այդ մեքենաներից չգիտեմ՝ քանի հազար հատ պետք է ծախել, որ առնեն։ երևի այդքան մեքենա չկա էլ ՀՀ-ում»։

Սակայն քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ խոսքը բոլորովին էլ աստղաբաշխական գումարների մասին չէ։ Նա մի հաշվարկ է կատարել, թե 4-օրյա պատերազմի արդյունքում որքան կորուստ է ունեցել հակառակորդը և հայկական կողմը։ Ըստ այդ հաշվարկի՝ օրինակ, այդ «Սոլնցեպյոկի»՝ TOC-1 A -ի արժեքը 25 մլն դոլար է. «Ադրբեջանական կողմի ՄԻ-24 եւ ՄԻ-35 ոչնչացված ուղղաթիռների գները տատանվում են 15-18 մլն դոլարի շրջակայքում, երկուսն իրար հետ՝ շուրջ 33 մլն։ Խփված 24 տանկերի մեջ եղել են ե՛ւ Տ-90 Ս (T-90C)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 3,2 մլն դոլար է, ե՛ւ Տ-72 (T-72)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 0,5 մլն դոլար։ Եթե միջինացված թվեր վերցնենք, կորուստն ընդամենը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար։

Խփված եւ կորցրած 14 անօդաչու թռչող սարքերի գինը տատանվում է 0,5-ից մինչեւ 12 մլն դոլար՝ կախված տեսակից, այնպես որ՝ նվազագույն հաշվարկով կորուստը կազմում է 25-35 մլն դոլար։ Խփված 5 ՀՄՄ-ներից (БМП-3) յուրաքանչյուրի զինը 4-5 մլն է, ընդամենը նվազագույնը՝ 20 մլն դոլար։

Խփված ԲՄ-21 («Գրադ») հրթիռա-հրետանային համակարգի արժեքն է շուրջ 1 մլն դոլար։

Այսպիսով, Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 4 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար»։ Եթե սրան գումարվում են ծախսված հրթիռների, արկերի, բնակիչների տեղափոխման, ռազմական գործողությունների նյութական ապահովման եւ այլ հարակից ծախսերը, ըստ պարոն Խուրշուդյանի, կավելանա եւս 10-15 մլն դոլար։ Իսկ Արցախի զինտեխնիկայի կորուստը գնահատվում է մոտ 14 մլն դոլար։

Այնպես որ՝ զինտեխնիկայի գները ճշտելով՝ պարոն Խուրշադյանը Արծրուն Հովհաննիսյանին հակադարձեց. «Ափսոսում եմ, որ հարգարժան Արծրուն Հովհաննիսյանը փորձում է արդարացնել երկրի քաղաքական ղեկավարությանը «փող չլինելու» մասով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս