Ոչ մի Մադրիդ, ոչ մի Կազան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները կտրում են մեր սպանված հերոսի գլուխը, դնում են այն տոպրակի մեջ, ման են ածում իրենց խաղաղ բնակավայրերում, ցուցադրում են եւ հրճվանք են առաջացնում այդ բնակավայրերի երկու սեռի ներկացուցիչների եւ երեխաների մոտ: Այդ եւ նմանատիպ նույնքան սահմռկեցուցիչ այլ տեսանյութեր նկարահանում եւ տարածում են իրենք` ադրբեջանցիները, եւ ֆեյսբուքում արժանանում են իրենց հայրենակիցների նույնքան բուռն հրճվանքին: Ես սա գրում եմ ոչ թե ադրբեջանցիների նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով: Ոչ էլ փաստելու հարեւան երկրի հասարակության լուրջ հիվանդությունը: Ոչ էլ հույս ունենալով, որ Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան դա կդատապարտեն. այդքան միամիտ չեմ, որ չիմանամ, թե որքան հեռու է սփռվում դրանց «պրագմատիզմը»` ոչ մենք ենք դրանց պետք, ոչ էլ դրանք՝ մեզ:
Ես գրում եմ դա բացառապես «ներքին» (հայ) լսարանի համար. այսքան բան տեսնելուց հետո (պետք է ասեմ` տեսել եմ մի փոքր ավելի շատ, քան պտտվում է ֆեյսբուքում) ես կտրականապես դեմ եմ «մադրիդյան», «կազանյան» կամ ցանկացած այդօրինակ «սկզբունքներին»:
Այլ կերպ ասած` ես դեմ եմ ոչ միայն 7 շրջանի, այլև մի քանի մետրի կամավոր զիջմանը` Արցախի կարգավիճակի մասին ինչ-որ անորոշ խոստումների դիմաց: Որովհետև այդ մի քանի մետրն էլ Ադրբեջանն օգտագործելու է նույն վայրագ ահաբեկչությունների համար: Ցանկացած կարգավորում ենթադրում է ինչ-որ մի վիճակ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն կողք կողքի, վստահեն իրար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: