Փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ Ռուսաստանը կորցնում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Վլադիմիր Սոլովյովի հերթական թեժ քննարկումը՝ նվիրված ԼՂ հակամարտությանը

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի հերթական՝ «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьёвым) հաղորդումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմին, դրա առաջացման պատճառներին ու հետևանքներին:

Քննարկման հյուրերից մեկի՝ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակիխոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, պատահական չէր, քանի դա տեղի ունեցավ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների ֆոնին:

«Հենց այդ պահին պայթեց Ղարաբաղը: Ռուսաստանի ջանքերով հաջողվեց այդ պայթյունը կասեցնել, սակայն իրավիճակը նախկինի պես շատ լարված է, ավելին, այն անցում է կատարել տեղեկատվական փուլի, և հակառուսական տրամադրություններ են ծագում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Հայաստանում շատ ցավագին է ընկալվում Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարման մասին ցանկացած հայտարարություն, ու հարկավոր է ցուցաբերել ողջ իմաստությունը, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ողջ փորձառությունը՝ չկորցնելու համար եղբայրական հարաբերությունները»,- հայտարարեց քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանը չմիջամտեր, զոհերի թիվն անշեղորեն ավելանալու էր:

Պետդումայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռոմանովիչը, իր հերթին, կարծիք է հայտնում, թե այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, հարուցվել էր արտաքին ուժերի կողմից:

«Արվեց ամեն ինչ, որ սրվի այս հակամարտությունը: Հակամարտությունը էթնիկ է, իսկ դա շատ լուրջ է: Սադրանքն ուղղված էր Ռուսաստանի դեմ, թե ինչպես կարձագանքի դրան Ռուսաստանը: Եթե աջակցեր Հայաստանին, հարաբերությունները կլարվեին Ադրբեջանի հետ և հակառակը: Սադրանքը չհաջողվեց, և ՌԴ-ն, նախագահը, վարչապետը իրենց շատ խելամիտ դրսևորեցին»,- ասաց Ռոմանովիչը:

Սոլովյովը, իր հերթին, նշում է, որ Ռուսաստանը մինչև հիմա չի պատասխանել մի պարզ և հասարակ հարցի՝ ո՞րն է մեր դիրքորոշումը: Հայաստանի համար ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը:

«Այդ հարցին հարկավոր է, չէ՞, պատասխանել: Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնտեղ հանրաքվե է անցկացվում, նրանք գնում են Ղրիմի ճանապարհով և մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններում ի՞նչ պետք է անենք։ Պետք է պատերա՞զմ հայտարարենք Ադրբեջանի դեմ։ Տեսեք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դնում նման բարդ վիճակի մեջ: Նա հնարավորություն է թողնում քաղաքական լուծման համար: Մենք ասում ենք՝ Ադրբեջանը մեր գործընկերն է, բայց մենք չե՞նք նկատել, որ Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը շատ անկախ է, երբեմն պարզապես հակասում է մեր շահերին, մենք չե՞նք նկատել թուրք ղեկավարների այցերը և հայտարարությունները, բայց մենք, չգիտես ինչու, չենք աշխատում Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ»,- ասել է Սոլովյովը:

Նրա խոսքով՝ փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ Ռուսաստանը կորցնում է ինչպես մեկին, այնպես էլ մյուսին: «Մենք դեռ չենք ասել, թե ով սկսեց այդ հակամարտությունը: Դուք դեռ չեք ասել, թե ով է սկսել: Մենք հայտարարում ենք, թե մենք են հաշտեցրել կողմերին, իսկ ո՞վ է սկսել՝ ոչ»,- հայտարարեց Սոլովյովը՝ դիմելով քննարկման հյուրերին:

«Ես կասեմ՝ ով է սկսել: Սկսել է երրորդ ուժը: Դրանք թուրքական հատուկ ստորաբաժանումներն էին, որ եկան ու երկու կողմից սկսեցին»,- նշեց Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակը, ինչին ի պատասխան Սոլովյովը հարցրեց վերջինիս, թե ինչպես է այդպես ստացվել, որ նրանք «այդտեղ հայտնվել են»:

Տեսանյութեր

Լրահոս