Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հայտնում է APA-ն:

Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը եկել են համաձայնության՝ զարգացնել ու ամրապնդել միջպետական կապերը հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:

Երեք երկրների արտգործնախարարները հաստատել են, որ միասնական են տարածաշրջանային կայունության և անվտանգության նոր մարտահրավերների դեմ պայքարում: Այդ իմաստով, նրանք հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցել ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, մշակույթի, զբոսաշրջության, երիտասարդական փոխանակման եռակողմ ձևաչափում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել երեք երկրների նահանգների ու շրջանների միջև կապերը:

Երկրները համաձայնության են եկել նախապատրաստել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան:

Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս