Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումները: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրության խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայածավալ ռազմական գործողություններ սկսեց:

«Բնականաբար այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին: Ես կանցլեր Անգելա Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև որպես վստահության ամրապնդման միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին:

Դրանք այդպես էլ չկենսագործվեցին: Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին` հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների: Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ, անտեսելով միջազգային հանրության խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիներ ջանքերը, Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայածավալ ռազմական գործողություններ սկսեց»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում: Արդյունքում` Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի:

«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ ու երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետությունում, նրանք այլ ցանկություն չունեն: Արդեն շուրջ 30 տարի, 1988 թվականից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Միջազգային հանրությունից նրանք ակնկալում են միայն մի բան, իրենց այդ իրավունքի ճանաչում: Այդ մասին եմ պատմել տիկին Կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի պատմության մանրամասներին»,-հավելել է նախագահ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս