Բաժիններ՝

Լևոն Զուրաբյանը կառավարությանն առաջարկում է քննել Միհրան Պողոսյանին վերաբերող լուրերը

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց Պանամայի հետ կապված օֆշորային սկանդալի մասին, հիշեցրերց, որ 11 մլն փաստաթղթերի արտահոսք է եղել և պարզվել է` բազմաթիվ երկրների պաշտոնյաներ օգտվել են պանամյան ընկերության ծառայություններից, ստեղծել են ընկերություններ և թաքցրել իրենց եկամուտները: Լ.Զուրաբյանի խոսքով` այդ սկանդալի արդյունքում Իսլանդիայի վարչապետն արդեն հրաժարական է տվել:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի վերաբերյալ ևս կա փաստաթուղթ` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մասին: Ըստ այդմ` Միհրան Պողոսյանը ստեղծել է օֆշորային ընկերություններ, որոնցով որոշակի բիզնես հարաբերությունների մեջ է մտել տարբեր բնագավառներում: Լ.Զուրաբյանը նշեց, որ կոռուպցիան ազգային անվտանգությանն է հարվածում, և հարցադրում արեց, թե արդյոք կառավարությունը չի՞ պատրաստվում այս հարցը լրջորեն, օբյեկտիվորեն քննարկել, հետաքննել և հասկանալ որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հանրային ծառայությունների մասին օրենքը նախատեսում է որոշակի մեխանիզմ այդ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա` բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում կան շահերի բախման խնդիրներ, Էթիկայի հանձնաժողովն ունի որոշակի լիազորություններ և կարող է վարույթ հարուցել բողոքի հիման վրա և սեփական նախաձեռնությամբ: Նախարարը նշեց, որ ՀԱԿ պատգամավորները Հանրային ծառայությունների մասին օրենքի փոփոխություններ են առաջարկել, և ՀՀ կառավարությունը երկու ձեռքով կողմ է հանձնաժողովին ավելի լայն լիազորություններ տրամադրելուն:

Լ.Զուրաբյանն ասաց, որ ավելի հարմար պահին և հանգամանորեն հարցը քննարկելու համար գրավոր հարցում կնախապատրաստեն: «Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգային անվտանգության հարց է նաև կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս